Իսրայելն իրականացրել է 2021թ. Սիրիայի դեմ առաջին հարվածը

10:55 • 08.01.21

Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիային՝ շարունակելով թիրախավորել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Դամասկոսի տեղական աղբյուրի համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային մի շարք շրջաններին, ինչից հետո Սիրիական արաբական բանակի հակաօդային պաշտպանությունն ակտիվացել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ իսրայելական հարվածները սկսվել են ժամը 11-ի սահմաններում (տեղական ժամանակով) ՝ թիրախավորելով Սիրիայի արաբական բանակի ադ-Դուր գյուղում տեղակայաված ռազմաբազան, որը գտնվում է ալ-Սուեյդա քաղաքի մերձակայքում:

Աղբյուրը տեղեկացրել է, որ Սիրիայի արաբական բանակի ալ-Սուեյդայում և Դամասկոսի Մազզե շրջանում տեղակայված հակաօդային պաշտպանության կայանքները խոցել են իսրայելական մի քանի հրթիռ:

Հարձակման հետևանքով տուժածների մասի տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրատվականը նշում է, որ իսրայելի կողմից վերջին հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 30-ին, երբ հարձակման թիրախ էին դարձել Ռիֆ Դիմաշկղ նահանգի արևմտյան շրջանները: