Թույլ չեմ տա անհարգալից վերաբերմունք դրսևորել ընտրություններում ինձ սատարած 75 միլիոն «հայրենասեր ամերիկացիների» նկատմամբ. Թրամփ

20:42 • 08.01.21

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա անհարգալից վերաբերմունք դրսևորել ընտրություններում իրեն սատարած 75 միլիոն «հայրենասեր ամերիկացիների» նկատմամբ:

«75 միլիոն ամերիկացի մեծ հայրենասերները, որոնք քվեարկել են իմ օգտին, առաջնորդվել են «Ամերիկան՝ առաջին հերթին», «Ամերիկան հզոր կդարձնենք» կարգախոսներով, ապագայում դեռ կունենան իրենց ձայնը: Նրանք չեն կարող անհարգալից կամ անարդար վերաբերմունքի արժանանալ»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Նշենք, որ Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքը գրավելուց հետո Twitter-ը մի քանի ժամով արգելափակել էր նրա օգտահաշիվը։ Սոցիալական այս ցանցում իր օգտահաշվի վերականգնումից հետո սա Թրամփի երկրորդ գրառումն է․ առաջին գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը հաղորդել էր, որ չի մասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։

«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին՝ ես չեմ գնա հունվարի 20-ին երդմնակալության արարողությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: