Կառավարությունները, որոնք 4 տարվա ընթացքում մեր ժողովրդի հաշվին իրենց կաշին փրկելու համար աջակցել են Թրամփի ապօրինություններին, այժմ դատապարտում են նրան․ Զարիֆ

22:05 • 08.01.21

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է այն պետությունների կառավարություններին, որոնք, նրա խոսքով, պաշտպանել են Իրանի դեմ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը, մինչդեռ օրեր առաջ միևնույն մարդիկ դատապարտել են Թրամփին՝ օրենքի գերակայությունը անտեսելու համար, գրում է Tasnim News Agency-ն։

«Նրանք, ովքեր 4 տարվա ընթացքում մեր ժողովրդի հաշվին իրենց կաշին փրկելու համար աջակցել են Թրամփի ապօրինություններին, այժմ դատապարտում են նրա՝ օրենքի գերակայության վրա հարձակումը»,-գրել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ «այդ կառավարությունները Թրամփի տնտեսական ահաբեկչությունը փորձել են օգտագործել որպես Իրանի դեմ «ճնշման լծակ»»։

«Եթե սեփական ողնաշար չունեք, առնվազն ձեր իսկ շահի համար հեռատեսությունը չէր խանգարի»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: