Ավստրալիա ժամանող բոլոր անձինք պարտավոր կլինեն կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնել
Ավստրալիայի իշխանությունները խստացրել են համաճարակային սահմանափակումները Քվինսլենդ նահանգի Բրիսբեն բնակավայրում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերելուց հետո: Վարչապետ Սքոթ Մորիսոնը ուրբաթ հայտարարել է, որ կորոնավիրուսի բացասական թեստը նախապայման կլինի երկիր բոլոր ժամանողների համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կառավարության ղեկավարի խոսքերով ՝ թռիչքից առաջ կորոնավիրուսի թեստավորումը պարտադիր կդառնա Ավստրալիա ժամանող թռիչքների բոլոր ուղևորների համար:
«Նրանք, ովքեր ժամանում են Ավստրալիա, մեկնումից առաջ պետք է ունենան COVID-19-ի բացասական թեստավորում: Այս կանոններն արդեն գործում են հայրենադարձության չվերթների ուղևորների համար, բայց դա այժմ պարտադիր պահանջ կլինի բոլոր ուղղությունների համար»,-ասել է վարչապետը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մորիսոնը նաև նշել է, որ թռիչքի ընթացքում դիմակների օգտագործումը նույնպես կդառնա պարտադիր պահանջ, ինչպես բոլոր թռիչքների ուղևորների, այնպես էլ օդանավերի անձնակազմի անդամների համար: Բոլոր միջազգային թռիչքային անձնակազմերից պահանջվում է առնվազն յոթ օրը մեկ, իսկ Ավստրալիա հասնելուց հետո ամեն անգամ, կորոնավիրուսի թեստավորում անցնել: Նրանց համար կբացվեն մասնագիտացված մեկուսարաններ, որոնք լքելը արգելված կլինի:










