Թող բարի լինեն, ասեն, թե այդ փաստաթղթի մեջ ինչ կետեր կան. քաղաքացին՝  հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթի մասին

13:41 • 08.01.21

Ես այստեղ եմ, որովհետև որպես պետականություն ունեցող երկրի` ՀՀ քաղաքացի` ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Թող բարի լինեն, ասեն, թե այդ փաստաթղթի մեջ ինչ կետեր կան: Ես մտահոգ եմ, որովհետև 100 տարի առաջ էլ Մոսկվայում Թուրքիայի և բոլշևիկների միջև ստորագրվեց պայմանագիր, որի պատճառով մենք կորցրինք և՛ Արցախը, և՛ Նախիջևանը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:

Ըստ քաղաքացու՝ ժամանակները փոխվել են և եթե այն ժամանակ մենք պետականություն չունեինք, հիմա ունենք, և պետք է ստորագրվելիք փաստաթղթի մասին քաղաքացիներին տեղեկացնեն: