Բայդենը Կոնգրեսի վրա հարձակված մարդկանց «ներքին ահաբեկիչներ» է անվանել

12:16 • 08.01.21

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Կոնգրեսի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցները ոչ թե ցուցարարներ են, այլ ապստամբներ և «ներքին ահաբեկիչներ», հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

Նրա խոսքով՝  այդ իրադարձությունները «Դոնալդ Թրամփի՝ ժողովրդավարության դեմ հարձակման հետևանք են»:

«Թրամփն ամբոխին դրդեց հարձակվել Կոնգրեսի վրա, նա փորձեց ամբոխին օգտագործել ամերիկացի ընտրողներին լռեցնելու համար», - ասել է Բայդենը՝ Թրամփին մեղադրելով բռնություն հրահրելու համար:

Գլխավոր դատախազ Մերիք Գարլանդին և Արդարադատության նախարարության բարձրագույն պաշտոնների մի քանի թեկնածուներին պաշտոնապես ներկայացնելու ընթացքում, նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Անցած չորս տարիներին մենք ունեցել ենք մի նախագահ, որն իր քայլերով ցույց է տվել մեր ժողովրդավարության, մեր Սահմանադրության և օրենքի գերակայության նկատմամբ ունեցած արհամարհանքը»:

Բայդենն ասել է, որ մտադիր է առաջնահերթությունը տալ «ներքին ահաբեկչության» դեմ օրենքի ընդունմանը՝ Սպիտակ տանը ստեղծելով ծայրահեղականների դեմ պայքարի հարցերով հանձնակատարի պաշտոն և մեծացնելով նրանց դեմ պայքարի ֆինանսավորումը:

Հինգշաբթի օրվա իր ելույթում, անդրադառնալով արդարադատության նախարարի իր թեկնածուի և աշխատակազմի գործունեությանը՝ Բայդենն ասել է, որ նախարարի հավատարմությունը չպետք է իրեն ուղղված լինի և, որ արդարության երաշխավորը պետք է լինեն ԱՄՆ-ի ժողովուրդը, Օրենքը և Սահմանադրությունը:

Նա ավելացրել է, որ այս հարձակման ընթացքում իրավապահ մարմինները հստակ կողմնապահություն են ցուցաբերել և, որ հսկայական տարբերություն կա ամռանը տեղի ունեցած «Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն» շարժման և երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձություններում՝ զինված ուժերի ներգրավվածության և գործողությունների միջև:

Ինչպես նշում է պարբերականը, չորեքշաբթի օրը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվել է 4 քաղաքացի և մեկ ոստիկան, ևս 14 ոստիկան վիրավորվել են:

Այս խառնաշփոթի հետևանքով բազմաթիվ օրենսդիրներ, այդ թվում դեմոկրատ առաջնորդներ Նենսի Փելոսին և Չակ Շումերը կոչ են արել պաշտոնանկ անել Թրամփին:

«Այս նախագահին պաշտոնից հեռացնելու ամենաարագ և արդյունավետ միջոցը կլինի այն, որ փոխնախագահն անմիջապես դիմի 25-րդ կետի իրացմանը: Եթե փոխնախագահը և կառավարությունը հրաժարվեն ոտքի կանգնելուց, ապա Կոնգրեսը պետք է նորից հավաքվի՝ նախագահին իմպիչմենտ հայտարարելու նպատակով», -ասել է Շումերը, ով այս ամսվա ավարտին կդառնա Սենատի մեծամասնության առաջնորդ:

Սակայն, ինչպես հայտնել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի մամուլի խոսնակ Էնդրյու Բեյթսը փոխնախագահի կաբինետն ու Կոնգրեսը պետք է գործեն այնպես, ինչպես իրենց է հարմար: Մամուլի խոսնակը նաև նշել է, որ Թրամփն արդեն որակազրկել է ինքն իրեն:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ- նախագահի պաշտոնում Ջո Բայդենի հաղթանակը Կոնգրեսի կողմից վավերացնելու ժամանակ, Թրամփը կոչ էր արել իր կողմնակիցներին գրոհել Կոնգրեսը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև տնտեսական վնաս է պատճառվել Կոնգրեսին:

World stunned by violence in U.S. Capitol, attempts to overturn election |  Inquirer News