Սուտը և կեղծը, մի բան ասելն ու հակառակն անելն այս իշխանության մեխն է. փաստաբան

13:46 • 08.01.21

Այստեղ հավաքված մարդկանց մտահոգություններն օբյեկտիվ են, ցանկացած փաստաթուղթ կարող է ստորագրվել: Այս մասին Արդարադատության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթին:

Նրա խոսքով՝ դատելով նրանից, թե Արդարադատության նախարարության շենքում ով է որոշումներ կայացնում, նախարարն ունի վերջին շանս դուրս գալ և խոսել նախարարության առջև հավաքված մարդկանց հետ:

«Հետո նախարարի հետ խոսել ոչ ոք չի ուզի: Ես անձամբ նախարարին լուրջ չեմ վերաբերում, համատիրության մակարդակից իջել է ներքև: Արդարադատության նախարարը ո՛չ դատարաններում, ո՛չ միջազգային ատյաններում, ոչ մի տեղ իրենից ոչ մի բան չի ներկայացնում, բայց կարող է վնաս տալ, որովհետև գործող իշխանության կամակատարն է: Արդարացի է այստեղ հավաքված մարդկանց մտահոգությունը, որ այն, ինչը բանավոր պայմանավորվածությունների շրջանակում հիմա նվիրաբերվում է հարևան երկրին, կարող է արդեն ամրապնդվել գրավոր փաստաթղթով»,- ասաց փաստաբանը:

Նա նաև ասաց, որ եթե մինչև այժմ հույս էինք փայփայում, որ կարող է գալ մեկը, ով կարող է կանգնեցնել դավաճանական պրոցեսները, հիմա արդարացիորեն մտահոգություն է առաջացել, որ թղթին չտան այն, ինչն այսպես թե այնպես հանձնում են թշնամուն:

«Այս նախարարն այսօր վերջին շանսն ունի որպես նախարար մարդկանց հետ խոսելու, որ գոնե ասի՝ ես դավաճան չեմ: Միևնույն է հիմա անունը չենք հիշում, վաղը մոռանալու ենք, որ այդպիսի մարդ է եղել, գոնե ինքն ասի, որ մասնակցություն չունի այդ հարցում»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, որ նախարարը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ասելով, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, փաստաբանն ասաց որ սուտը և կեղծը, մի բան ասելն ու հակառակն անելն այս իշխանության մեխն է :