Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ սինթետիկ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը
Իսպանիայի իրավապահ մարմինները դադարեցրել են միջազգային հանցավոր խմբավորման գործունեությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի դեմ գործողության շրջանակներում: Այս մասին ասվում է Թագավորության քաղաքացիական գվարդիայի՝ հունվարի 8-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
Ըստ այդմ՝ ոստիկանությունը առգրավել է սինթետիկ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը երկրի պատմության մեջ: Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտաբերել են երկու գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրանյութեր են արտադրվել հետագա վաճառքի համար ինչպես Իսպանիայում, այնպես էլ արտերկրում:
Ընդհանուր առմամբ, առգրավվել է 827 հազար էքստազի հաբ, 76 կգ ամֆետամինի սուլֆատ, 310 կգ հաշիշ և այլ թմրանյութեր:
Գործողության ընթացքում 11 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Իսպանիայի և Նիդեռլանդների, ինչպես նաև Իտալիայի, Կոլումբիայի և Ռումինիայի քաղաքացիներ: Նրանք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, հանցավոր կազմակերպության անդամակցության և ապօրինի զենք պահելու համար:










