Ուկրաինան Իրանից ստացել է խոցված Boeing-ի անձնակազմի թռիչքային պլանշետը
Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը հաստատել է 2020-ի հունվարի 8-ին Իրանում Ukrainian International ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Թեհրանից թռիչքային պլանշետի ստացումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոկտեմբերին Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թեհրանի մոտակայքում ինքնաթիռի խոցման վերաբերյալ հետաքննության շուրջ բանակցությունների ընթացքում Իրանը խոստացել է իրեղեն ապացույցներից մեկը՝ անձնակազմի թռիչքային պլանշետը, փոխանցել ուկրաինական հետաքննությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը հայտարարել էր, որ Ուկրաինան Իրանից ստացել է Թեհրանի մոտակայքում ուկրաինական Boeing-ի կործանման վերաբերյալ տեխնիկական զեկույցի նախագիծ:
Բացի այդ, գրասենյակը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազության գրասենյակը քրեական գործ էր հարուցել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:
Այս ընթացքում իրականացվել է ավելի քան 200 դատական և քննչական գործողություն, միջազգային իրավաբանական օգնության 18 հարցում է ուղարկվել այլ երկրներ, իսկ Իրանի և Կանադայի իրավասու մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է ուղղակիորեն:
Ներկայումս իրականացվում է համապարփակ դատաբժշկական փորձաքննություն՝ օդանավի վնասի պատճառներն ու բնույթը, նյութական վնասի չափը, ինչպես նաև միջազգային թռիչքների կանոններին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան այս առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ պլանշետի ուսումնասիրությունն արդեն սկսվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը 2020 թվականի լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:
Վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա:
Ուկրաինա է տարվել 11 մարմին, որոնցից 9-ը խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներ և երկուսը ուղևորներ են եղել։
Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:










