Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին ԱՄՆ կրթության, տրանսպորտի նախարարները և Կապիտոլիումի ոստիկանապետը հրաժարականի դիմում են ներկայացրել

10:59 • 08.01.21

Ի թիվս այլ պաշտոնյաների՝ ԱՄՆ կրթության, տրանսպորտի նախարարները և Կապիտոլիումի ոստիկանապետը հրաժարականի դիմում են ներկայացրել Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

Մասնավորապես, նշվում է, որ երկրի կրթության նախարար  Բեթսի Դեվոսն իր հրաժարականից բացի՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հասցեգրված հայտարարությունում հստակեցրել է, որ ցուցարարների՝ Կապիտոլիումի վրա հարձակումն իր համար եղել է շրջադարձային պահ:

Associated Press-ի տեղեկություններով՝ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ինչպես նաև Կապիտոլիումի ոստիկանության ղեկավար Ստիվեն Սունդը:

Ինչպես ավելի տեղեկացրել էր Tert.am-ը, ավելի վաղ մի քանի պաշտոնյաներ ևս դիմում են ներկայացրել պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Fox News-ի տվյալներով՝ նրանց թվում են ԱՄՆ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար, Սպիտակ տան նախկին խոսնակ Ստեֆանի Գրիշեմը, Սպիտակ տան փոխխոսնակ Սառա Մեթյուսը, արձանագրությունների հարցերով քարտուղար Ռիկի Նիչետան և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը: 

Պաշտոնյաների զանգվածային հրաժարականների պատճառ էր դարձել Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհումը, ինչպես նաև նախագահի՝ ցուցարարներին ուղղված հայտարարությունները:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: