Տոտալիտար աղանդի վարքագիծ․ 2018 թ. որևէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ բանակցությունները տանելու փակուղի, երկիրը տանելու պատերազմի, թշնամուն հանձնելու Արցախի զգալի մասը․ Է․ Վարդանյանը՝ «Իմ քայլին»
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․
««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորի քայլին ի պատասխան՝ հետևեց ՔՊ կուսակցության և իմքայլական պատգամավորի վիրավորական հայտարարությունները, ինչը բնորոշ է տոտալիտար աղանդի վարքագծի։ 21-րդ դարում քաղաքական կուսակցությունից և ԱԺ պատգամավորից նման հայտարարությունը պարզապես քաղաքական տհասություն է հիշեցնում։
Ամենևին նպատակ չունենալով խառնվել իմքայլականների և ՔՊ-ի ներքին գործերին՝ ուզում եմ շեշտել, որ 2018 թ. որևէ մեկը ձեզ չի օժտել մանդատով՝ բանակցությունները տանելու փակուղի, երկիրը տանելու պատերազմի, թշնամուն հանձնելու Արցախի Հանրապետության զգալի մասը՝ վտանգի տակ դնելով Արցախի մնացյալ հատվածի պետականությունն ու անվտանգությունը, բայրաքթարների դեմ ուղարկել անզեն զինվորներին, ստանձնել հազարավոր զոհերի և անհետ կորածների պատասխանատվությունը և մեղավորությունը, վտանգել ՀՀ պետական սահմանները, Հայաստանը գյուղ առ գյուղ հանձնել թշնամուն։
Առհասարակ կարևոր հարց է՝ արդյո՞ք նրանք ունեն իրավունք հիշատակել «մանդատ» բառը։
Կրկին չխառնվելով իմքայլականների ներքին գործերին՝ ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ պատմությունը կգնահատի իմքայլականներից յուրաքանչյուրի որոշումները՝ ոչ միայն հավաքական, այլև անհատական պատասխանատվության և մեղավորության տեսակետից։
Եվ վերջում ամենակարևոր դիտարկումը. ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը»։










