Ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը. Հայաստանի գրողների միություն

12:05 • 09.01.21

Տնտեսական ու սոցիալական զարգացման իրական հեռանկարների բացակայությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ անբավարար պայքարը, ազգային արժեքների ոտնահարմամբ՝ կրթական, գիտական, մշակութային զարգացման կասկածելի քաղաքականության որդեգրումն ու համառորեն գործադրումը, վերջապես՝ ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների, գերեվարվածների և անհետ կորածների ցավալի հետևանքներով, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքային զգալի կորուստներով և անվտանգության մակարդակի նվազման աղետալի իրողություններով Արցախյան երկրորդ տևական պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը իրողություններ են, որոնց պատճառներն ու հետևանքները՝ առանց զգացմունքային դրսևորումների, ենթակա են խորքային ու համապարփակ քննության։ Այս մասին ասված է Հայաստանի գրողների միության տարածած հայտարարության մեջ: 

«Այս ամենով հանդերձ, մենք, սակայն, գտնում ենք, որ դեռևս ամեն բան կորած չէ, դեռ կան իրավական, դիվանագիտական լծակներ, միջազգային ձևաչափեր ու հարթակներ, որոնցում կարելի է և պե՛տք է լրջագույն, փորձառու մասնագիտական ուժերի ու ռեսուրսների ներգրավմամբ պայքարել հայանպաստ լուծումներ գտնելու և որոշումներ կայացնելու համար։

Բայց դա այլևս չի կարող անել ներկա իշխանությունը։

Ահա թե ինչու, համազգային շահերից, մեր ժողովրդի ապագայի տեսլականից բխող նպատակների իրագործման համար ակնկալում ենք ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականն ու ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորումը։

Եվ Աստված պահապան բոլորիս»,- ասված է հայտարարության մեջ: