Ինչո՞ւ են ռուսական C-400-ները «հանդիսատեսի» դերում լուռ հետևում՝ ինչպես է Իսրայելը ներխուժում Սիրիայի օդային տարածք. Pentapostagma
Հունական պարբերական Pentapostagma-ն հրապարակել է սյունակագիր Պանայոտիս Նաստոսի նոր հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Սիրիայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայմանն ու հարակից հարցերին։
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
«Արտասահմանյան մամուլը շարունակում է քննարկել Սիրիայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման հարցը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա փորձագետները, բարձրաձայնելով այս հարցը, հաճախ բոլորովին էլ ծանոթ չեն դրա էությանը և նույնիսկ չեն հասկացել, թե Սիրիայի Արաբական Հանրապետությունում կոնկրետ ինչ են պաշտպանում հակաօդային պաշտպանության այս համակարգերը:
Եվ այսպես՝ ինչո՞ւ են С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը «հանդիսատես» մնում, երբ Իսրայելը խոցում է իրանական թիրախները Սիրիայում։
Հարցին պատասխանելու համար հեղինակն անդրադարձել է իսրայելական ավիահարվածներին, որոնք ուղղված են իրանական զինուժի և իրանամետ զինված խմբավորումների դեմ:
Դիտարկմանը, թե Սիրիայում տեղակայված հայտնի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը երբեք չեն արձագանքել վերոհիշյալ հարձակումներին, հեղինակը պնդում է, որ ՌԴ-ն «խուսափում է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ֆ-35» կործանիչների և ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի առճակատումից»:
Ըստ Պանայոտիս Նաստոսի՝ «դա իր հերթին հնարավորություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերությանը ապահովել զենքի և ռազմական տեխնիկայի վաճառք երրորդ երկրներին համաշխարհային շուկայում»:
Հեղինակն այն կարծիքին է, որ եթե Ռուսաստանը օգտագործեր C-400-ը F-35-ի դեմ, այդ դեպքում կա՛մ կոչնչացվեր հինգերորդ սերնդի կործանիչը, կա՛մ ինքը՝ C-400-ը` պատասխան կրակի հետևանքով։
«Դրանից հետո որևէ երկիր գնի՞ խփված զենքը: Իհարկե, ոչ»,- նկատում է սյունակագիրը։
Նաստոսը պնդում է, որ սա «այն հիմնական հարցի պատասխանն է, թե ինչու C-400-ը չի օգտագործվում իսրայելական ավիացիայի դեմ:
Ռուսական topwar.ru կայքն իր հերթին արձանագրել է, որ հույն լրագրողը ոչ մի բառ չի գրում այն մասին, որ Սիրիական Խմեյմիմ ավիաբազայի հիման վրա գործող ՌԴ զինված ուժերի C-400 հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկների խնդիրներում ի սկզբանե չի ներառվել Սիրիայում իրանական ռազմական անձնակազմի և իրանամետ ուժերի պաշտպանությունը իսրայելական օդային հարվածներից։










