Ռ․ Ռուբինյանին որևէ բան բացատրելու ցանկություն ու պարտավորվածություն չունեմ, իսկ ՔՊ խոսնակը «Նիկոլի ուսապարկ» արտահայտությամբ վիրավորել է շիրակցիներին ու «Իմ քայլը»-ի պատգամավորներին․ Սոֆյա Հովսեփյան
Ռուբեն Ռուբինյանի մտքերին չեմ էլ ուզում գնահատական տալ կամ անդրադառնալ, որովհետև իրեն որևէ բան բացատրելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ պարտավորվածություն։ Իսկ եթե ընդհանուր խմբակցությունը ցանկություն ունի իմանալ, կիմանա այդ մասին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի գրառմանը, որում վերջինս նշել էր, որ եթե Սոֆյա Հովսեփյանի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», Հովսեփյանը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ, պատգամավորն արձագանքեց․
«Իր ասածով նա վարկաբեկել է «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին, մասնավորապես, այն անձանց, որոնք ցուցակով են հայտնվել ԱԺ-ում, ոչ թե ռեյտինգով, որովհետև ռեյտինգայինով ընտրված պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց վաստակն ունեին մինչև հեղափոխությունը և հեղափոխության մեջ էլ իրենց ներդրումն ունեցան՝ իրենց վաստակի ու հեղինակության շնորհիվ»։
Ըստ պատգամավորի՝ իր արտահայտությամբ ՔՊ խոսնակը վիրավորում է նաև Շիրակի մարզի ընտրողներին։
«Շիրակի մարզի յուրաքանչյուր քաղաքացի ընտրությունը կատարում է գիտակցաբար, ունի շատ գրագետ մոտեցում, և երբ ասում է՝ այդ ընտրատեղամասում, որտեղ Սոֆյա Հովսեփյանն էր, Նիկոլի ուսապարկն էր ընտրվելու, նա ոտնատակ է տալիս Շիրակի մարզի քաղաքացիներին։ Ես կարծում եմ՝ պետք է հրապարակավ ներողություն խնդրի Շիրակի մարզի բոլոր քաղաքացիներից՝ իր արտահայտության համար»,-ասաց Հովսեփյանը։
Անդրադառնալով այս փուլում իշխանական խմբակցությունը լքելուն՝ պատգամավորն ասաց, թե ժամանակը կգա, ամեն ինչի մասին կխոսի։ Նա վերահաստատեց՝ մանդատից չի հրաժարվելու։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը «Իմ քայլը»-ից դուրս գալու մասին հայտարարել էր երեկ՝ հունվարի 8-ին։










