Գործող վարչակազմի հեռացման պահանջը, որքան էլ քաղաքական հնչի, կենսական անհրաժեշտություն է. կշեռքի մի նժարին մեր պետականության, հայրենիքի  գոյության, մյուս նժարին չգոյության խնդիրն է․ Սերժ Սրապիոնյան

13:06 • 09.01.21

Մտավորականներս, մշակութային գործիչներս ուզում ենք մեր ժողովրդին իրադրությունը շատ ավելի պարզ ներկայացնել՝ պատկերացնելու համար, որ այն շարժումը, որը սկսվել է 17 կուսակցությունների կողմից, ունի ընդգծված քաղաքական մոտեցում, այդ պահանջների զգալի մասի հետ համակարծիք ենք, գլխավորը՝ գործող վարչակազմի հեռացումն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով մշակութային գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մասին, որը կապված է երկրում առաջացած խնդիրների հետ:

«Գործող վարչակազմի հեռացման պահանջը, որքան էլ քաղաքական հնչի, այնուամենայնիվ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Սրա համար որոշեցինք բարձրացնել «Ձայն հայրենյաց», որպեսզի հասկացնենք, որ այստեղ կուսակցություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր այստեղ, դժբախտաբար, կշեռքի մի նժարին մեր պետականության, մեր հայրենիքի  գոյության և չգոյության խնդիրն է և հետևաբար, մտավորականների մի ստվար խումբ, որն անհանգստացած է երկրի գալիքով, այսպիսի նախաձեռնություն է սկսել, տեսնենք՝ ուր կհասնենք»,-ասաց նա:

Ըստ գրականագետի՝ կան մոլորյալներ, հակասող կարծիքներ ունեցողներ, և մտավորականության պարտքն առաջին հերթին այն է, որ կենսական, ճշմարիտ գաղափարներ հասցնի հասարակությանը՝ առանց ատելության քարոզի, առանց ծայրահեղ քայլերի, բայց նույն ժամանակ՝ սխալներն ակնհայտ մատնանշելով:

Համահայկական փառատոնների ղեկավար  Սամվել Հարոյանը նշեց, որ նախաձեռնությունն ավելի վաղ 4 կետանոց հայտարարությամբ է հանդես եկել, որին միացել  է 100-ից ավել մտավորական, որոնք իրենց ստորագրությունն են տվել, իսկ հունվարի 12-ին արդեն նոր հայտարարությամբ հանդես կգան:

Հարոյանի խոսքով՝ այն որակումը, թե մշակութային գործիչները խուսափում են ասել, որ իրենց պահանջը քաղաքական է, տեղին չէ, և եթե երկիր կորցնելու հարցն է առաջ եկել, ապա պետք է բոլորը խաղաղության և հանգստության մասին մտածեն:

Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը դավաճանություն համարեց այս գործընթացին մասնակից չլինելը: «Երկրիս վարչապետն իր լկտի խմբով 44 օր շարունակ մեզ համոզում, ոգեշնչում էր այն փաստերով, որ մենք հաղթում ենք, սա ծրագրի մի մասն էր, այն է՝ Արցախը տալ թուրքերին»: