«Չեմ ցանականում ընկերդ լինել»․ Թրամփը փոխնախագահ Փենսին մեղադրել է նախագահական ընտրությունների արդյունքներն ընդունելու համար․ Daily Beast

12:41 • 09.01.21

ԱՄՆ Կոնգրեսի շենքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններից և ընտրությունների արդյունքները չեղարկելու ապարդյուն ջանքերից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ի թիվս այլոց, չափազանց զայրացած է փոխնախագահ Մայք Փենսի վրա, գրում է Daily Beast-ը։

Ըստ հաղորդման՝ Թրամփը չորեքշաբթի առավոտյան՝ նախքան իր աջակիցների հետ հանդիպումը, որն ավարտվել է Կապիտոլիումի վրա գրոհով, հանդիպել է Մայք Փենսին։

Նշվում է, որ Փենսը Թրամփին ևս մեկ անգամ հայտնել է, որ «նա ընտրիչների կոլեգիայի ձայները չեղարկելու լիազորություն չունի և նույնիսկ եթե այդպիսի լիազորություն ունենար, չէր օգտագործի, քանի որ դա սարսափելի նախադեպ կստեղծի»:

Հաղորդվում է, որ փոխնախագահի անկեղծությունը զայրացրել է Թրամփին։

«Չեմ ցանականում ընկերդ լինել։ Չեմ ցանկանում, որ փոխնախագահը լինես»,- ըստ հաղորդման՝ ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարն օրերս Twitter-ում գրել էր․ «Մայք Փենսը քաջություն չունեցավ անելու այն, ինչ պետք էր անել, որպեսզի պաշտպաներ մեր երկիրը և մեր Սահմանադրությունը։ ԱՄՆ-ն ճշմարտությունն է պահանջում»։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: