Նոր հակառեկորդ Մեծ Բրիտանիայում. մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1325 մարդ

13:29 • 09.01.21

Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում նոր հակառեկորդ է գրանցվել՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թվով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մասնավորապես, երկրում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1325 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է թագավորության համար՝ համավարակի սկզբից ի վեր։

Բացի այդ, մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 68 053 նոր դեպք։ 

Նշենք՝ մի քանի օր է, ինչ Մեծ Բրիտանիայում ուժի մեջ են մտել ամենախիստ սահմանափակումները։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երկիրը գրանցել է Moderna ընկերության պատվաստանյութը` զանգվածային օգտագործման համար:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատվիրել են պատվաստանյութի 17 միլիոն չափաբաժին, որոնք կկիրառվեն նախկինում ընդունված երկու պատվաստանյութերի`Pfizer-BioNTech-ի և Oxford-AstraZeneca-ի հետ միասին: