«Հյուսիսային Կորեան կշարունակի կատարելագործել իր միջուկային սպառազինությունները». Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի կատարելագործել իր միջուկային սպառազինությունները՝ հակառակորդ ուժերի հարկադիր զսպման համար, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Բացի այդ՝ իր խոսքում երկրի ղեկավարը շեշտել է միջուկային զենքի կատարելագործման էական նշանակությունն ու անհրաժեշտությունը։
«Միջուկային զենքը կարող է օգտագործվել ժամանակակից պատերազմում տարբեր ձևերով՝ պայմանավորված թիրախից և գործողության նպատակներից»,- ասել է նա ու հավելել,- «Անհրաժեշտ է այնպես անել, որ ակտիվորեն և լիովին զսպենք և վերահսկենք ռազմական սպառնալիքը, որ առկա է Կորեական թերակղզում՝ կատարելագործելով միջուկային տեխնոլոգիաները, մեծացնելով միջուկային սպառազինությունների ռազմավարական հզորությունն ու կշիռը»։ |
Հավելենք՝ Կիմ Չեն Ընը իր 9-ժամյա զեկույցում անդրադարձել է նաև սեփական կուսակցության աշխատանքին և ընդգծել է վերջինս առավել զարգացնելու անհրաժեշտությունը։










