Ինդոնեզիայում կործանված Boeing-ի զոհերի որոնումները կսկսվեն հունվարի 10-ից

22:13 • 09.01.21

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի մոտ 40 ջրասուզակներ հունվարի 10-ից կսկսեն Sriwijaya Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնումները:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցչին, մասնագետներն արդեն ժամանել են դեպքի վայր, սակայն ոչ բարենպաստ պայմանների և մթության պատճառով որոնողական աշխատանքները կմեկնարկեն կիրակի: Նշվում է, որ որոնումները հնարավոր կլինեն միայն լավ եղանակային պայմանների դեպքում:

Նախնական տվյալներով՝ հաջողվել է պարզել կործանման շրջանը, սակայն դեռ ճշտումներ են արվում:

Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ Boeing օդանավը կործանումից առաջ աղետի ազդանշան չի տվել: Մասնագետները միայն օդանավի հետ կապի կորստից հետո են հասկացել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է մայրաքաղաք Ջակարտայից Պանտիանակ քաղաք ուղևորվելիս: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է Ճավա ծովի ջրերում:

Օդանավում առնվազն 65 մարդ է գտնվել՝ 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ: