Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում կործանված Boeing-ի ուղևորների մարմինների մասեր են հայտնաբերել

06:20 • 10.01.21

Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում կործանված ինդոնեզական Boeing 737-524 օդանավի ուղևորների մարմինների մասեր են նկատել, լրագրողներին հայտնել է Ջակարտայի իրավապահ մարմինների քաղաքային վարչության ղեկավար Ումար Շահաբը:

«Ենթադրում ենք, որ մարմինների մնացորդները ափ են դուրս բերվել և դիահերձարաններ ուղարկվել, որտեղ դրանք ԴՆԹ փորձաքննության կենթարկվեն՝ զոհվածների հարազատներից վերցված փորձանմուշների հիման վրա»,- նշել է Շահաբը, հաղորդում է ТАСС-ը:

 

Ժամեր առաջ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի մոտ 40 ջրասուզակներ հունվարի 10-ից կսկսեն Sriwijaya Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնումները, քանի որ այժմ դրանց խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները:

Նախնական տվյալներով՝ հաջողվել է պարզել օդանավի կործանման շրջանը, սակայն դեռ ճշտումներ են արվում:

Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ Boeing օդանավը կործանումից առաջ աղետի ազդանշան չի տվել: Մասնագետները միայն օդանավի հետ կապի կորստից հետո են հասկացել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է մայրաքաղաք Ջակարտայից Պանտիանակ քաղաք ուղևորվելիս: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է Ճավա ծովի ջրերում:

Օդանավում առնվազն 65 մարդ է գտնվել՝ 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ: