ԱՄՆ գործող փոխնախագահ Մայք Փենսը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը. NBC
ԱՄՆ գործող փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը հունվարի 20-ին ներկա կլինի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալությանը, հաղորդում է NBC-ն:
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով Փենսին մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնել էր, որ փոխնախագահը, հնարավոր է, մասնակցի երդմնակալության արարողությանը, որպեսզի ցույց տա իր աջակցությունը իշխանության խաղաղ փոխանցմանը: Բայդենն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ կողջունի Փենսի ներկայությունն արարողությանը՝ հավելելով, թե ուրախ է, որ Թրամփը բոյկոտում է երդմնակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










