Փաշինյանը ստեղծված պայմաններում ստիպված կլինի պատասխանատվություն վերցնել իր վրա տեղի ունեցող գործընթացների համար. փորձագետը մեկնաբանել է ԼՂ հարցով կայանալիք եռակողմ հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի մանևրելու հնարավորությունները «հետպատերազմական» ժամանակահատվածում սահմանափակ են: РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Մոսկվայում հունվարի 11-ին կայանալիք եռակողմ հանդիպումը:
«Հետպատերազմական ժամանակահատվածում Փաշինյանը մաևրելու բավականին սահմանափակումներ ունի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի և այն իրականության հետ կապված գործողություններ անելու համար, որում հայտնվել է հայ-ադրբեջանա-ղարբաղյան սահմանը նոյեմբերի 9-ից հետո»,- ասել է Մարկարովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը ստիպված է այս պայմաններում՝ ընդհանուր դժգոհության ֆոնին, գործել սահմանափակ հնարավորություններով:
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը ստեղծված պայմաններում ստիպված կլինի պատասխանատվություն վերցնել իր վրա տեղի ունեցող գործընթացների համար, և այդ պատասխանատվությունը տարբեր քաղաքական շրջանակներում տարբեր կերպ է ընկալվում:
«Եթե իշխող դաշտը, որը գործնականում մենաշնորհված է Փաշինյանի կողմից, այդ պատասխանատվությունը տեսնում է ստեղծված իրավիճակում որևէ, թեկուզ նվազագույն օգուտ քաղելու մեջ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացման տեսանկյունից, ապա ընդդիմությունը տեղի ունեցողն ընկալում է բացասական համատեքստում, որ երկրի առաջ դրված է ինքնիշխանության պահպանման խնդիրը, անվտանգության տարբեր տարրերի հետ կապված հարցեր, ոչ միայն ռազմաքաղաքական, այլև տնտեսական, ֆինանսական և այլն»,- ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 11-ին եռակողմ հանդիպում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Կրեմլի հաղորդմամբ՝ առանձին հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ նախագահի հետ:










