ԱՄՆ-ում կանխատեսում են, որ Կապիտոլիումի գրոհից հետո երկրի ողջ տարածքում կորոնավիրուսի նոր ալիք կբռնկվի. РИА Новости

04:36 • 10.01.21

ԱՄՆ հիվանդությունների կառավարման ու վերահսկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլը հայտարարել է, որ Կապիտալիումի գրոհի հետևանքով, հավանաբար, երկրի ողջ տարածքում կորոնավիրուսի նոր ալիք կբռնկվի, հաղորդում է РИА Новости-ն:

«Կապիտոլիումի ողջ տարածքում մեծամասամբ պաշտպանիչ դիմակներ չկրող ու միմյանցից հեռավորություն չպահող մարդիկ էին շրջում, իսկ հետո նրանք մեքենաներով, գնացքներով ու ինքնաթիռներով երկրի այս կամ այն հատված են մեկնելու: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, կորոնավիրուսի ևս մեկ ալիք կլինի»,- նշել է Ռեդֆիլդը:

Նա նաև կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշները՝ օրական 2500–5000 մահվան դեպքի սահմաններում, պահպանվելու են:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: