Մերկելը վիճահարույց է համարում սոցցանցերում Թրամփի օգտահաշիվներն արգելափակելու որոշումները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիճահարույց է համարում ամերիկյան սոցիալական ցանցերի ղեկավարությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները արգելափակելու մասին որոշումները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սոցիալական ցանցերի օպերատորները մեծ պատասխանատվություն ունեն ապահովելու, որ քաղաքական դիսկուրսը չթունավորվի ատելությամբ, ստով և բռնության դրսևորմամբ, և չի կարելի անգործությամբ դիտել, թե ինչպես են որոշ ալիքներ հրապարակում այս կատեգորիաների մեջ մտնող բովանդակություն, ուստի կարևոր է, որ նշումներ կատարվեն հաղորդագրությունների վրա), ինչպես դա եղել է վերջին ամիսներին », - ասել է Զայբերթը այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա ընդգծել է, որ խոսքի ազատությունը ամենակարևոր իրավունքն է, որը «կարող է սահմանափակվել, բայց միայն օրենքին համապատասխան և օրենսդրի կողմից որոշված շրջանակներում, և ոչ թե սոցիալական լրատվամիջոցների կառավարման որոշումների համաձայն»:
«Այս տեսանկյունից կանցլերը խնդրահարույց է համարում այն, որ Ամերիկայի նախագահի հաշիվները երկարաժամկետ սառեցվում են»,-ասել է Զայբերթը:
Ավելի վաղ Twitter-ը մշտական հիմքով սառեցրել է Թրամփի օգտահաշիվը՝ «բռնության հետագա հրահրման ռիսկի» պատճառով: Բացի այդ, այս շաբաթ Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը և այլ սոցիալական ցանցեր տարբեր ժամկետներով արգելափակել են Թրամփի օգտահաշիվները: Նման միջոցառումների պատճառը ԱՄՆ նախագահի կոչն էր ցուցարարներին, որոնք հհունվարի 6-ին գրոհ էին կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա: Թրամփը հորդորել է իր կողմնակիցներին խաղաղ պահել, այնուհետև դատապարտել է նրանց գործողությունները, միևնույն ժամանակ նրանց հայրենասեր է անվանել և շարունակել է պնդել, որ երկրի նախագահական ընտրությունները կեղծվել են:










