Գորբաչովը կոչ է արել Բայդենի հետ քննարկել միջուկային պատերազմի անթույլատրելիությունը
ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո Ռուսաստանը պետք է վերահաստատի միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին բանաձևի առաջարկը, որն ամրագրված է Ժնևում կայացած ԽՍՀՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ, հայտնել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։
«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Գորբաչովը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ իրենց առաջին՝ 1985 թվականին կայացած ժնեևյան հանդիպման արդյունքները նախկինի պես արդիական են, և դա առաջին հերթին վերաբերում է այդ բանակցությունների գլխավոր եզրակացությանը՝ միջուկային պատերազմի անթույլատրելիությանը։
«Միջուկային պատերազմն անթույլատրելի է, դրանում հաղթող չի կարող լինել։ Ռուսաստանն, ի դեպ, վերջերս առաջարկել էր ամերիկացիներին հաստատել այդ բանաձևը։ Հիմա գալիս է նոր վարչակազմ, և պետք է վերահաստատել այդ առաջարկը»,- հայտնել է Գորբաչովը։
Անցյալ տարվա ամռանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվային անհանգստացնում է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է վերահաստատել այդ հիմնարար սկզբունքը: Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ այդ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարության ներկայացուցիչների կողմից պայմանավորված առաջարկը սպասում է ամերիկյան կողմի հաստատմանը։










