Էրդողանի աջակիցներն ԱՄՆ-ում անկարգություններն օգտագործում են իրենց երկրի ներսում ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելու նպատակով․ Ahval

10:43 • 11.01.21

Թուրքիայի իշխող կուսակցությունում քաղաքական գործիչներն անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա հարձակումը սկսել են օգտագործել ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելու նպատակով, գրում է թուրքական Ahval-ը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ուլտրաաջ «Ազգային շարժման կուսակցության» մի շարք քաղաքական գործիչներ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձութունները նաև օգտագործում են ԱՄՆ-ի հասցեին ժողովրդավարության վերաբերյալ պատասխան քննադատություններ հնչեցնելու համար:

Թուրքիայի պաշտոնական արձագանքն ուղղված էր հանգստության և ժողովրդավարության վերականգնման կոչերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ֆահրեթին Ալթունն իր ուղերձում վստահություն էր հայտնել, որ «ԱՄՆ-ում որքան հնարավոր է շուտ կսկսի գործել ժողովրդավարությունը»։

«Մենք հավատում ենք` խնդիրները կլուծվեն օրենքի և ժողովրդավարության շրջանակներում։ Թուրքիայում մենք միշտ գործել ենք օրենքի և ժողովրդավարության շրջանակում և մյուսներին նույնպես խորհուրդ ենք տալիս»,- իր հերթին գրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Սենտոպը։

Թուրքիայում շատերը կարծում են, որ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններին իրենց ուրախ արձագանքն արդարացված է, քանի որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ժողովրդավարության հանդեպ հարգանքի վերաբերյալ  «քարոզներ է կարդացել Թուրքիայի գլխին», գրում է աղբյուրն՝ ընդծելով, որ, այնուհանդերձ, Կոնգրեսի շենքի վրա հարձակումը իշխող կուսակցության աջակիցներն օգտագործում են նաև իրենց երկրի ներսում ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» վրա ճնշումներ գործելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: