ՀԴԲ-ն և Նյու Յորքի ոստիկանությունը Կապիտոլիումի ոստիկանությանը զգուշացրել էին նախապատրաստվող անկարգությունների մասին․ NBC

11:13 • 11.01.21

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցները Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարությանը նախազգուշացրել էին գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից նախապատրաստվող հնարավոր անկարգությունների մասին: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ՀԴԲ-ում իր աղբյուրը։

Նրա խոսքով` ՀԴԲ-ի աշխատակիցներին ավելի վաղ հաջողվել է «հավաստի տեղեկություններ ստանալ այն մարդկանց մասին, որոնք ծրագրում էին Վաշինգտոնում մասնակցել բողոքի ակցիաներին և անկարգություններ հրահրել»։

«ՀԴԲ-ին հաջողվել է այդ մարդկանց հորդորել, որպեսզի Վաշինգտոն չգնան»,- ընդգծել է նա:

Աղբյուրի խոսքով՝ ՀԴԲ-ն նախապատրաստվող անկարգությունների մասին տեղեկություններն անմիջապես տրամադրել է դաշնային գործընկերներին և իշխանություններին։

ՀԴԲ-ից բացի նախապատրաստվող անկարգությունների մասին տեղեկություններ է ունեցել նաև Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը: Հեռուստաընկերության աղբյուրներն ընդգծել են, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի ոստիկանության ղեկավարությունը իրավապահ մարմիններին, այդ թվում՝ Կապիտոլիումի ոստիկանությանը տեղեկացրել է, որ բողոքի ակցիաների մասնակիցները ծայրահեղական հռետորաբանություն են օգտագործում և հանդես են գալիս բռնության սպառնալիքներով:

Ավելի վաղ ՀԴԲ-ի և Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները նշել էին, որ իրենք նախապատրաստվող անկարգությունների մասին տեղեկություններ չեն ունեցել:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: