Կոնգրեսի շենքում անկարգությունների զսպման գործողություններին մասնակցած ոստիկանության սպան ինքնասպանություն է գործել․CNN
Միացյալ Նահանգների Կապիտոլիումի ոստիկանությունը նախօրեին հայտարարել է, որ ոստիկանության սպա Հովարդ Լիբենգուդը, որն անցյալ չորեքշաբթի մասնակցել էր Կոնգրեսի շենքում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմակիցների հրահրած անկարգությունների զսպմանը, ինքնասպանություն է գործել, գրում է CNN-ը։
Նշվում է, որ 51-ամյա Լիբենգուդը, որը Կոնգրեսը հսկող իրավապահ մարմինների 15 տարվա աշխատակից էր, ինքնասպանություն է գործել Կապիտոլիումում տեղի ունեցած դեպքից 3 օր անց։
Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել է, որ Լիբենգուդը եղել է այն սպաների թվում, որոնք «անցյալ շաբաթ արձագանքել են ԱՄՆ-ի Կապիտոլիումի անկարգություններին»։
«Սպա Լիբենգուդը մեծ հայրենասեր էր, որն իր կյանքը նվիրել է Կապիտոլիումի և նրա աշխատակիցների, ինչպես նաև մեր ժողովրդավարության տաճար այցելողների անվտանգության պաշտպանությանը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










