Հութիների «Անսարալլահ» շարժումը սպառնացել է թիրախավորել Իսրայելի կարևորագույն դիրքերը
Եմենի հութիների «Անսարալլահ» շարժումը սպառնացել է թիրախավորել Իսրայելի խոցելի դիրքերը`ի պատասխան Թել Ավիվի կողմից Եմենում իրավիճակը վերահսկելու վերաբերյալ իսրայելական բանակի սպառնալիքերին: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
«Անսարալլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ֆադլ Աբու Թալիբը իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իսրայելական ցանկացած քայլ կարող է Իսրայելի դեմ հայտարարված ջիհադի պատճառ դառնալ, որի ընթացքում իրենք հարվածներ են հասցնելու Իսրայելի կարևորագույն դիրքերին:
«Սիոնիստական ռազմական հանցագործների» հայտարարություններն այն մասին, որ Եմենը սպառնալիք է սիոնիստական էության համար, կրկնվում է: Այստեղ պետք է հիշել Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հութիի խոսքերն այն մասին, որ մեր դիրքորոշումն Իսրայելի նկատամամբ`մարդկային, բարոյական և կրոնական տեսանկյունից սկզբունքային է մեզ համար: Այս հարցում մենք համակարծիք ենք ազատ և պատվավոր «իսլամական ազգին»», - ասել է Աբու Թալիբը:
Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից Եմենի հետ զինադադար կամ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությանը, «Անսարալլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամն ասել է. «Ագրեսիվ երկրները Եմենը տեսնում են, որպես ամբարտավան և ինքնավստահ: Ուստի նրանք ձգտում են ջախջախիչ պարտության մատնել Եմենի ժողովրդին`բավարարելու իրենց ունայնությունն ու հպարտությունը: Հետևաբար, նրանք այս փուլում լրջորեն չեն մտածում քաղաքական լուծման մասին, հատկապես, որ ապրում են ձախողման, անօգնականության, հիասթափության և պարտության վիճակում և ամեն օր թուլանում են»:
Եմենի հակամարտությունը վերջերս ավելի է սրվել, քանի որ «Անսարալլահ» շարժման ուժերը տեղափոխվել են երկրի հյուսիսային շրջաններ`կառավարության փաստացի մայրաքաղաք Մարիբը գրավելու նպատակով:










