Իրանի նախկին նախագահի դուստրը քննադատել է երկրի արտաքին քաղաքականությունն ու Սոլեյմանիի գործունեությունը
Իրանի հանգուցյալ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դուրստրը` Ֆարիզա Ռաֆսանջանին, ասել է, որ Իրանի մասնակցությունը Սիրիայի պատերազմին ավելի քան 500 հազար մարդու կյանք է խլել`հավելելով, որ իր հայրը դեմ է եղել այդ պատերազմին իրենց մասնակցությանը: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Ռաֆսանջանին տեղեկացրել է, որ իր հայրը, որը նախագահի լիազորությունները հանձնելուց հետո «Նպատակահարմարության խորհրդի» ղեկավարն էր, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) նախկին հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիին տեղեկացրել էր, որ դեմ է պատերազմին Իրանի մասնակցությանը:
«Սոլեյմանիի սպանության տարելիցին մենք չենք լսում, որ ինչ-որ մեկը խոսի հորս արածի մասին, բայց հայրս խելացի էր և հեռատես, և նա Սոլեյմանիին խորհուրդ տվեց չգնալ, և նա ճիշտ էր», - ասել է նախկին նախագահի դուստրը:
Նա քննադատել է Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում` ասելով, որ դրա հետևանքով Իրանը կորցրել է իր բարեկամներին և արտաքին քաղաքականությունը նմանեցրել ներքին քաղաքականությանը, որտեղ կողմնակիցները դարձել են քննադատներ, իսկ քննադատները հակառակորդներ:
Այս հայտարարությանն ի պատասխան, նախկին նախագահի որդին, Թեհրանի խորհրդի քաղաքապետ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին ասել է. «Թրամփը ոչինչ չի ձեռնարկել, բացի Իրանի դեմ պատժամիջոցներ, սպանություններ և վիրավորանքներ կիրառելուց: Ներողություն խնդրեք ձեր գրածի համար և մի վարկաբեկեք ձեր հորը»:
Ինչպես տեղեկացնում է լրատվական գործակալությունը, Ռաֆսանջանին 2011 թվականին դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման և 5 տարի ժամկետով արգելվել է զբաղվել քաղաքական, մշակութային և լրագրողական գործունեությամբ, այն բանից հետո, երբ նա մեղադրվել է կառավարության դեմ քարոզչություն իրականացելու համար:










