Կիմ Չեն Ընը ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար

11:15 • 11.01.21

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության  8-րդ համագումարում ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարը միաձայն որոշում է կայացրել Կիմ Չեն Ընին ընտրել Կորեայի աշխատավորական կուսակցության  գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-տեղեկացնում է գործակալությունը` ընդգծելով, որ համապատասխան որոշումը «կուսակցության բոլոր անդամների, ժողովրդի և Կորեայի ժողովրդական բանակի զինծառայողների միասնական կամքի դրսևորումն է»:

Կուսակցության նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսին: Այդ ժամանակ ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ընտրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում: Մինչ այժմ հրապարակված 8-րդ համագումարի փաստաթղթերում չի նշվում, թե արդյոք Կիմ Չեն Ընը պահպանել է այս պաշտոնը գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո և առհասարակ արդյո՞ք պահպանվել է այդ պաշտոնը, թե ոչ: