«ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է հայերի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ «Թուրք Նիկոլ» պաստառներով բողոքի ակցիային

15:18 • 11.01.21

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մոտ հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիային, որը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Ռուսատանի Դաշնություն մեկնելու առնչությամբ:

Լրատվամիջոցի թղթակցի խոսքով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դեսպանատան շենքի մոտ:

Դեպքի վայրում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում: Դեսպանության շենքի առջև հանգիստ մթնոլորտ է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ եկել են իրենց բողոքը արտահայտելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ, որ թույլ չտան որևէ բան ստորագրի այսօր: Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պարզել են «Թուրք Նիկոլ», «Stop Նիկոլ» և այլ գրությամբ պաստառներ:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ժամանել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցությունների: 

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝  երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին: