ՌԴ-ում բանտարկյալը բջջային հեռախոսի միջոցով քաղաքացիներից ավելի քան 30 միլիոն ռուբլի է հափշտակել
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանի գաղութներից մեկում գտնվող բանտարկյալին հաջողվել է բջջային հեռախոսի միջոցով խաբել քաղաքացիներին՝ նրանցից հափշտակելով ավելի քան 30 միլիոն ռուբլի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության քրեական պատիժների կատարման օրինականության վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Մակարովը:
«Դատապարտյալներից մեկը, Ռյազանի մարզի ուղղիչ գաղութում պատիժը կրելիս, բջջային հեռախոսի միջոցով խաբեությամբ և վստահության չարաշահմամբ, տիրացել է քաղաքացիների միջոցներին, որոնք ընդհանուր առմամբ կազմում են մոտ 30 միլիոն ռուբլի», - ասել է Մակարովը:
Նրա խոսքով՝ սա ընդամենը բանտերում բջջային կապի ապօրինի օգտագործման հետևանքների մեկ օրինակ է:
Օրինակ՝ Վոլոգդայի մարզում դատախազները, ի թիվս դատապարտյալների կողմից բջջային հեռախոսների և ինտերնետ կապի անխոչընդոտ օգտագործման բազմաթիվ փաստերի, հայտնաբերել են դեպքեր, երբ դատապարտյալները սոցիալական ցանցերում համակարգված կերպով տեղադրել են բանտային ենթամշակույթը խթանող տեսանյութեր:
Մակարովը տեղեկացրել է, որ միայն 2019-ին քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել է 54,7 հազար բջջային հեռախոս, իսկ 2020-ի առաջին կեսին`22 հազար: Նրա հաղորդմամբ՝ հեռախոսների մեծ մասը առգրավվում է դրանք բանտ «առաքելու» փորձերի ժամանակ, իսկ մոտ 35%` անմիջապես բանտարկյալներից:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ բջջային հեռախոսների առկայության դեմ պայքարի Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության ձեռնարկած միջոցառումները «միշտ չէ, որ բավականաչափ արդյունավետ են»:
Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը սատարում է Պետդումա ներկայացված օրինագիծը, որով դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների ղեկավարներին իրավունք է տրվում հեռահաղորդակցական օպերատորներին դիմումներ ուղարկել գաղութներում ապօրինի օգտագործվող բաժանորդների համարները արգելափակելու համար:










