Որդուցս 3 ամսից ավելի է՝ ընդհանրապես տեղեկություն չունեմ. ո՞վ է պատասխան տալու. անհետ կորած զինվորի մայր (տեսանյութ)
Հոկտեմբերի 9-ից որդուցս ընդհանրապես տեղեկություն չունեմ, 3 ամսից ավել է, ու հիմա մենք ուզում ենք, որ մեր ձայնը տեղ հասնի, բոլորը աշխատեն այս ուղղությամբ, ոչ թե գնան իրենց տներում հանգիստ նստեն, մենք ամեն օր այստեղից այնտեղ ենք վազում, բայց չկա որևէ պաշտոնյա, որը կկարողանա այս հարցին պատասխանել: Այս մասին այսօր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց ասաց ակցիա իրականացնող, անհետ կորած զինվորներից մեկի մայրը՝ Լիլիթ Բադալյանը:
Ծնողի խոսքով՝ երբ ժամկետային զինծառայող որդին՝ Տիգրանը, 5 րոպեից քիչ ուշացել էր զորակոչից, անընդհատ զանգել են, ասել, որ ուշանում է, սակայն հիմա 3 ամսից ավել է՝ նա չկա ու չգիտեն, թե ով է պատասխանը տալու:
«Որդիս Ջաբրայիլում է եղել, վերջին անգամ հոկտեմբերի 9-ին եմ խոսել, ասաց՝ մամա ջան, դիրքեր ենք գնում, էլ չեմ կարողանա զանգել, հեռախոս չունեմ: Մենք էլ սպասեինք, 10 օր, 20 օր, սկսեցինք փնտրել, բայց ոչ մի տեղ չկա: Հիմա այստեղ փաստաբանները պետք է աշխատեն, որ կարողանանք մեղավորներին պատժենք, որովհետև այսպես չէր կարող լինել, երեխեքին տարել են առաջնագիծ, ու հրամանատարները փախել են, ունենք փաստեր: Ո՞ւր եք փախել, Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ տականքներ են, սա անպատիժ չպետք է թողնենք»,-ասաց նա:
Խոսելով այսօր կայանալիք Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման և քննարկվող թեմաների մասին՝ ծնողը նշեց, որ կարծում են՝ գոնե կքննարկվեն և՛ գերիների, և՛ անհետ կորածների հարցը:










