Մերկելը չի բացառել Գերմանիայում կարանտինային խիստ սահմանափակումների երկարաձգումը մինչև ապրիլ

16:09 • 12.01.21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ կարանտինային խիստ միջոցառումները երկրում կշարունակվեն ևս 2-2,5 ամիս: Այս մասին, հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական Bild լրատվականին:

Նա նշել է, որ հատկապես վտանգավոր է կորոնավիրուսի նոր շտամը, որը սկսել է տարածվել  Մեծ Բրիտանիայից, և շեշտել է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի վարակման դեպքերի վիճակագրությունը նորից կտրուկ չաճի:

«Անհրաժեշտ է 8-10 շաբաթ խիստ միջոցներ ձեռնարկել», - նշել է Գերմանիայի կանցլերը:

Դեկտեմբերի 16-ից Գերմանիայում ուժի մեջ են մտել համաճարակի սահմանափակման խիստ միջոցառումներ: Բոլոր հաստատությունները փակ են, բացառությամբ սննդամթերքի, կենցաղային ապրանքների և որոշ այլ խանութների, որոնք վաճառում են կենսական նշանակության ապրանքներ: Թանգարանները, թատրոնները, գեղեցկության սրահները չեն աշխատում, իսկ կրթական հաստատությունները աշխատում են հեռակա կարգով: