Հռոմի պապը կանանց թույլատրել է ժամերգության ժամանակ մի շարք գործառույթներ իրականացնել

14:26 • 12.01.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանոնական իրավունքի օրենսգրքում փոփոխություններ է մտցրել՝ պաշտոնապես օրինականացնելով ժամերգության ժամանակ կանանց մի շարք գործառույթներ իրականացնելու իրավունքը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի կայքը։

Խոսքը, մասնավորապես, ասմունքողների և ակոլիտների մասին է, որոնց դերում «աշխարհիկ տղամարդկանց» փոխարեն այսուհետ կարող են հանդես գալ նաև կանայք։

Նշվում է, որ փոփոխության է ենթարկվել Կանոնական իրավունքի օրենսդրության 230-րդ կանոնի առաջին պարբերության ձևակերպումը, որը հետայսու ունի հետևյալ ձևակերպումը․ «Եպիսկոպոսական համաժողովի կողմից ընտրված համապատասխան աշխարհիկ կանայք կարող են նշանակվել ասմունքողի կամ ակոլիտի մշտական ծառայության»։

Հարկ է նշել, որ 1570 թվականին Հռոմի պապ Պիոս V-ն արգելել է ժամերգություններին կանանց մասնակցությունը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բազմիցս ընդգծել է ժամանակակից եկեղեցու կյանքում կանանց դերի կարևորությունը և նրանց Վատիկանի մի շարք գերատեսչություններում նշանակել է կարևոր պաշտոնների։