Ռուսաստանը նշանառության տակ է. ի՞նչ է հայտնի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուի մասին. Репортёр

16:45 • 12.01.21

Ռուսական Репортёр հրատարակությունը հրապարակել է վերլուծաբան Ալեքսանդր Նեուկրոպնիի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին ներկայացրած թեկնածուին` վերլուծելով, թե դա ինչպես կարող է ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ չհասցնելով անցնել երդմնակալության ընթացակարգը, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն արդեն շտապում է իր ապագա վարչակազմի անդամների և առաջնային պետական մարմինների ղեկավարների  նշանակումների հարցում: Դրանցից մեկը իրավամբ կարելի է համարել նշանակալի, բայց ոչ այնքան ԱՄՆ-ի, որքան Ռուսաստանի համար: Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահի առաջադրած թեկնածությունն առավել քան խոսուն է.շատ հավանական է, որ առաջիկայում կարող են իրականանալ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ ամենահոռետեսական կանխատեսումները:

Ո՞վ եք դուք, պարոն Բյորնս

Այսպիսով, ըստ Բայդենի, Ուիլյամ Բյորնսը, Միացյալ Նահանգների  ամենահայտնի դիվանագետներից մեկը և, ի միջի այլոց, Ռուսաստանում այս երկրի նախկին դեսպանը, պետք է առաջնորդի ամերիկյան «թիկնոցի և դաշույնի ասպետներին»: Միևնույն ժամանակ, նորընտիր նախագահը պնդում է, որ առաջին անգամ գլխավոր հետախուզական գործակալության «ղեկին» կլինի դիվանագետ, որը «արտաքին քաղաքականության մասին իր խորը գիտելիքները» կներդնի աշխատանքում և նույնիսկ «արդարադատության տարր կավելացնի ԿՀՎ ղեկավարությանը»: Ենթադրաբար, այստեղ ակնարկ կա, որ Թրամփի օրոք այս գերատեսչության գործունեության մեջ որևէ նման բան չի նկատվել: Մի խոսքով, Բայդենը  հավատում է, որ «ԿՀՎ-ի նման տնօրենի առկայության դեպքում ամերիկացիները կարող են հանգիստ քնել»:

Այս բոլոր գովեստները, իհարկե, շողոքորթ են, բայց դրանցում որոշ պահեր առաջացնում են  կասկածներ: Առաջին հերթին ՝ Բյորնսին որպես «մաքուր» դիվանագետ ներկայացնելու փորձը, որը, իբր, նախկինում երբևէ առնչություն չի ունեցել հետախուզության հետ: Նախ, հենց թեկնածուի կարիերան է ստիպում չհավատալ դրա ճշմարտացիությանը: Խոսքը ոչ միայն այն մասին է, որ նա  Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարն էր Մոսկվայում, որտեղ, ինչպես հայտնի է, շոուն  ղեկավարում է հենց ԿՀՎ-ն: Բյորնսի կարիերայի ավելի մեծ մասը կապված է Մերձավոր Արևելքի հետ, և այստեղ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նրա` Հորդանանում որպես դեսպան ծառայելուն, այլ նաև Ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցերի բյուրոյի ավագ տնօրենի պաշտոնում գործունեությանը և նույն ուղղությամբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականը լինելու փաստին: Իրականում, այն, որ Բյորնսի թիկունքում միայն արտաքին քաղաքականությունը չէ, արդեն պարզ է Բայդենի կողմից նրան ներկայացնելուց, որը պնդում է, որ «տարբեր ճգնաժամերում փորձարկված այս անձնավորությունը երկար տարիներ աշխատել է՝ ապահովելու ամերիկացիների անվտանգությունը»:

Երկրի գլխավոր հետախույզի պաշտոնի թեկնածուն, դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո, ինչպես իր գործընկերների մեծ մասը, անցել է գրական գործունեության և «ամերիկյան դիվանագիտության անտեսանելի ուժին» նվիրված իր գրքում  որպես իր կարիերայի կարևորագույն պահեր է նշում  այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հարավսլավիայի բաժանումը, պատերազմը Իրաքի հետ և ՆԱՏՕ-ի ընդլայնումը»: Բավականին խոսուն ցուցակ է, այնպես չէ՞: Ի՞նչ «մեսիջ» է պարունակում այս ամենը Ռուսաստանի համար: Նախևառաջ հստակ է դառնում այն, որ Վաշինգտոնում Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հարցերով հիանալի փորձագետ համարվող Բյորնսի գերատեսչությունը առաջին հերթին զբաղվելու է հենց Ռուսաստանով, ոչ Չինաստանով կամ հարավարևելյան Ասիայով, որից այս մարդը ոչինչ չի հասկանում:

Շատ վերլուծաբաններ առանց այն էլ ենթադրում էին, որ Բայդենը և նրա թիմը կփորձեն հնարավորինս հարթել Պեկինի հետ առճակատումը, բայց դժվար, թե նման բան նախատեսեն Մոսկվայի մասով: Հատկանշական է, որ Ուիլյամ Բյորնսը ամենևին էլ  ռուսատյաց չէ: Սակայն դրա հիման վրա պատրանքներ կառուցելն իմաստ չունի. այստեղ ռուսների հարցը չէ, կա մեկ այլ բան՝ Ռուսաստանի և նրա ղեկավարի գլոբալ թերագնահատում և գրեթե արհամարհական վերաբերմունք:

Դատեք ինքներդ. իր գրություններում Բյորնսը Վլադիմիր Պուտինի կերպարը բնութագրում է որպես «հավակնությունների, նախատինքի և խոցելիության դյուրավառ համադրություն»: Նա  համոզված է, որ Ռուսաստանի  առաջնորդը «ռազմավարական մտածողություն չունի», և, ընդհանուր առմամբ, նրա սիրած զբաղմունքը «Արևմուտքին բարկացնելն ու նվաստացնելն է»: Բյորնսը «հետխորհրդային պետության իդեալական առաջնորդ» է տեսնում ... Միխայիլ Սաակաշվիլիին ՝ բացառապես այն պատճառով, որ նա «Պուտինին անհնազանդության օրինակ է ցույց տվել»: Դիրքորոշումը միանշանակ տեսանելի է, այնպես չէ՞: Նա հաստատ Ռուսաստանի բարեկամը չէ: Իր գրքում նա ուղղակիորեն նշում է, որ Միացյալ Նահանգները կարող են նորմալ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ միայն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս «չի ուժեղացել»:

Ցանկություն կա, կգտնվեն նաև պատճառներ

Եվս մեկ շատ բնութագրական մանրուք: Եթե հավատանք հայտնի WikiLeaks-ի նյութերին, ապա Ուիլյամ Բյորնսը դեռ 2008-ին միանգամայն հստակ  կանխատեսել էր 2014-ի իրադարձությունները Ուկրաինայում: Վաշինգտոնին ուղղված իր զեկույցում նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս երկրի «պառակտումը» արտաքին քաղաքականության շուրջ (մասնավորապես ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը) «կհանգեցնի բռնության, իսկ վատագույն դեպքում ՝ քաղաքացիական պատերազմի»: Նա նաև պնդել է, որ «Ռուսաստանում  վախենում են դրանից» և «չեն ցանկանում իրավիճակին միջամտելու վերաբերյալ որոշում կայացնել»: Ինչպես տեսնում եք, Միացյալ Նահանգները քաջատեղյակ էին, թե հստակ ինչի են մղում Կիևին, և էլ ավելի համառորեն շարունակեցին իրենց գործողությունները: Որքանով է անձամբ Բյորնսը մասնակցել այս ամենին, քննարկման հարց է, բայց հետագայում նա գնահատել է ուկրաինական «Մայդան»-ը և երկրի արևելքում դրա ստեղծած խնդիրները որպես իրադարձություններ,  որոնք «ուկրաինացիներին ցույց են տվել, որ իրենք պետք է պահպանեն իրենց անկախությունը և ոչ մի կերպ կախված չլինեն Ռուսաստանից»: Այս ամենի լույսի ներքո Մոսկվան պե՞տք է սպասի նոր խնդիրների: Հարցը, ըստ հոդվածագրի, հռետորական է:

Ընդհանուր առմամբ, Բյորնսի դիրքորոշումը լիովին տեղավորվում է  Վաշինգտոնի կողմից ներկայումս Ռուսաստանի նկատմամբ ձևավորվող արտաքին քաղաքական ընդհանուր համատեքստում: Որպեսզի դա հնարավորինս լիարժեք հասկանալի լինի, հոդվածագիրը բերում է ընդամենը մի քանի բավականին վառ օրինակներ այս ոլորտից, որոնք վերաբերում են անցյալ տարվա վերջին: Այսպիսով, տարվա  վերջին օրերին, դեռևս Դոնալդ Թրամփի կողմից հաստատված ամերիկյան կառավարության ֆինանսավորմանը վերաբերող պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել 290 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին միայն «ամբողջ աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու փորձերում Ռուսաստանին հակազդելու համար»: Ռուսները կարող են հպարտանալ. Չինաստանի և նրա Կոմունիստական կուսակցության ազդեցության դեմ պայքարելու համար» տրամադրվել է ընդամենը 10 միլիոնով ավելի շատ գումար:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 25-ին, դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ վերջերս ԱՄՆ-ի պետական գործակալությունների և մասնավոր ընկերությունների դեմ հաքերային հարձակումը «անկասկած իրականացրել է Ռուսաստանը»: Պարոն Կարդինը հորդորում է այս իրադարձությունը համարել «որպես պատերազմի ակտ» և այդ կապակցությամբ անմիջապես ընդունել իր գործընկերների (ի դեպ, և դեմոկրատների, և հանրապետականների) կողմից արդեն պատրաստած «Կրեմլի ագրեսիայից ամերիկյան անվտանգությունը պաշտպանելու մասին» օրենքը: Ի դեպ, ճիշտ նույն տեսակի անհիմն մեղադրանքներ է առաջադրել ոչ միայն Վաշինգտոնի օրենսդիրը, այլ նաև Ռուսաստանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Մոսկվայում նրանց դեսպան Ջոն Սալիվանը: Նա, հաշվի չառնելով դիվանագիտական էթիկայի նրբությունները, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուսաստանի կառավարության և հատուկ ծառայությունների անձինք ներգրավված են ամերիկյան հաստատությունների վրա կիբերհարձակումներում»: 

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն ամենևին էլ ամաչկոտ չէ արտահայտություններում և չի սահմանափակում սեփական խոսնակների «երևակայության թռիչքը», երբ խոսքը վերաբերում է «Կրեմլի սարսափելի հանցագործություններին»: Դեկտեմբերի 23-ին Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, պատասխանելով տեղական The Hill թերթի պաշտոնական հարցմանը, որը վերաբերում էր  «դարի թունավորմանը», զոհն` ի դեմս ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, նշել են, որ դրանում «ռուսական իշխանությունների ներգրավված լինելուց բացի այլ ճշմարտացի բացատրություն չեն տեսնում»: Պետդեպարտամենտում նաև հստակեցրել են.«Կարծում ենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները պարոն Նավալնին թունավորելու համար օգտագործել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը»:

Մոտավորապես նույն օրերին ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Դիքինսոնը մեղադրել էր Ռուսաստանին մերձերկրային տարածքում «ռազմական գործողությունների նախապատրաստվելու» համար, ինչից հետո նրա անհեթեթ գյուտերն անմիջապես վերցվել էին «փորձագետների» մի ամբողջ շարքի կողմից և տարածվել էին «Ամերիկայի Ձայնի» կողմից:

Ռուսաստանի ինչպիսի՞ պատկեր է ստեղծվում վերոհիշյալ զրպարտության և նմանատիպ տեղեկատվության բազմաթիվ «լցոնումների» միջոցով, որոնք վերջին շրջանում անհամար են: Ըստ դրանց, Ռուսաստանը պարզապես դասական «Չարի կայսրություն» է, որի գլխին կանգնած է «գորշ տիրակալ»: Ի՞նչ է մնում Ջո Բայդենին բացի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում «Ռուսաստանի գծով մասնագետ» նշանակելը: Ամեն ինչ տրամաբանական է...

Անգամ չինացիներն են արդեն գրում այն մասին, որ Միացյալ Նահանգները արագացված տեմպերով բնական «դիվանագիտական պատերազմ» են սկսել Ռուսաստանի դեմ՝ վերջինիս  հետ հարաբերությունները հասցնելով բացարձակ նվազագույնի, ինչը նրանց  թույլ է տալիս միայն պահպանել իր պաշտոնական ներկայությունը Ռուսաստանի տարածքում: Չինական «Ժենմին Ժիբաո»-ն խմբագրական հոդվածում (հրատարակվել է 2020 –ի վերջին օրերին), բավականին միանշանակ կանխատեսում  է արել, որ «ամերիկյան նոր վարչակազմի իշխանության գալով ՝ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվի, այլև ավելի կվատանան, իսկ  «Պետդեպարտամենտն ու ԱՄՆ հետախուզական ծառայությունները Ռուսաստանի դեմ ավելի շատ հարձակումներ են իրականացնում և կշարունակեն իրականացնել»: Ցանկություն կա վիճելու, բայց չի ստացվում: Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի  դեսպանության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ տեղական իշխանությունները իսկական «այցագրային պատերազմ» են սկսել իրենց դեմ՝ փաստացիորեն երկրից «քամելով» Ռուսաստանի դիվանագետներին:

Եթե ընտրված նախագահը ցանկանար ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները նույնիսկ մեկ թիզ տեղաշարժեր այն «մեռած կետից», որում այժմ դրանք գտնվում են, այդպիսի «դիվանագիտության այնպիսի փայլուն հեղինակությանը», ինչպես պատկերացնում է Բայդենը Բյորնսին, շատ ավելի տրամաբանական կլիներ օգտագործել հենց այս ուղղությամբ: Այնուամենայնիվ, Բայդենը կարծում է, որ նրա  տաղանդներն ու հատուկ գիտելիքները Ռուսաստանի վերաբերյալ ամենից շատ անհրաժեշտ են գերատեսչություններին, որոնց օգնությամբ ամբողջ աշխարհում բռնի կերպով ներդրվում են «ժողովրդավարական արժեքներ», և փոխարինվում են Վաշինգտոնի համար ոչ ձեռնտու կառավարություններն ու ղեկավարները:

Եզրակացությունները հոդվածագիրը թողնում է ընթերցողին: