Բեռլինում սկսվել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների բանակցությունները

17:35 • 12.01.21

Բեռլինում սկսվել են «Նորմանդական քառյակի» առաջնորդների քաղաքական խորհրդականների բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Գերմանիայում ՌԴ դեսպանատանը:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:

Գերմանիայի կանցլերի գերատեսչությունում կայացող հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2019 թվականի Փարիզի գագաթնաժողովի արդյունքների իրագործումը Դոնբասում իրավիճակի քաղաքական կարգավորման տեսանկյունից, ավելի վաղ հայտնել էր ռուսական պատվիրակության աղբյուրը:

«Նորմանդական ձևաչափով» քաղաքական խորհրդականների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Բեռլինում: Այդ ժամանակ Կոզակը մամուլին տեղեկացրել էր, որ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերող բոլոր հարցերի շուրջ, սակայն բանակցություններից հետո բեկումներ չեն եղել, և «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի անցկացման հարցը չի քննարկվել:

2019-ի դեկտեմբերին Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի ղեկավարների «Նորմանդական ձևաչափով» վերջին 3 տարիների առաջին հանդիպումը: Գագաթնաժողովի ավարտին կողմերը ընդունել են համատեղ հայտարարություն`պայմանավորվելով չորս ամիս անց հանդիպել Բեռլինում` Դոնբասի քաղաքացիական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու համար: