Մեծ Բրիտանիան արգելքներ է սահմանում Չինաստանի հետ բիզնես վարելու համար  

20:17 • 12.01.21

 

Մեծ Բրիտանիան արգելքներ կսահմանի Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ բիզնեսի վարման համար՝ Չինաստանի իշխանություններին վերագրվող՝ ույղուրների իրավունքների խախտման պատճառով:  Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Մենք ցանկանում ենք կառուցողական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ և անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հասնենք դրան, սակայն այսօր մենք պատրաստ չենք զոհաբերել մեր արժեքները կամ մեր երկրի անվտանգությունը: Մենք շարունակում ենք ասել այն, ինչ ճիշտ ենք համարում և ամրապնդել մեր խոսքը գործով»,- ասել է բրիտանացի նախարարը:

Բրիտանական կառավարության առաջարկած միջոցները պետք է երաշխավորեն, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի ընկերությունները, որոնք, ըստ բրիտանական կողմի, պարտադրողաբար օգտագործում են ույղուրների աշխատուժը, չկարողանան բիզնես վարել Միացյալ Թագավորության հետ: