Լուկաշենկոն հանձնարարել է Եվրամիության «ավազակային» պատժամիջոցների դեմ պատասխան մշակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արևմտյան պատժամիջոցները բելառուսական մի շարք ձեռնարկությունների դեմ «ավազակային» է անվանել և կարգադրել է համաչափ պատասխան մշակել: Այս մասին հայտնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Լուկաշենկոն նման հրաման է տվել այն բանից հետո, երբ Մինսկում զեկույց է ստացել փոխվարչապետ Յուրի Նազարովից և արդյունաբերության նախարար Պյոտր Պախոմչիկից:
«Այլ թեմա են Արևմուտքի պատժամիջոցները, որոնց ներքո են հայտնվել մի քանի հայրենական ձեռնարկություններ: Ալեքսանդր Լուկաշենկոն այդ պատժամիջոցներն անվանել է ավազակային և կառավարության մակարդակով հանձնարարել է համաչափ պատասխան մշակել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1% -ը, երկրում սկսվել են զանգվածային բողոքներ: Դրանք դեռևս շարունակվում են:
ԵՄ երկրները անձնական պատժամիջոցներ են սահմանել մի շարք բելառուս պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ցուցարարների նկատմամբ բռնության և ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Լուկաշենկոն նույնպես «ընկել է պատժամիջոցների տակ»:
Բացի այդ, ավելի վաղ ԵՄ-ն գործի էր դրել Բելառուսի համար պատժամիջոցների երրորդ ցուցակը, որում ընդգրկված էր 29 անհատ և 7 կազմակերպություն: Ներկայումս ցուցակներում ներառված է 88 անհատ և 7 կազմակերպություն:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն վստահեցրել է՝ պատրաստ է էլ ավելի ընդլայնել պատժամիջոցները, այդ թվում նաև ընկերությունների դեմ, եթե Բելառուսում իրավիճակը չշտկվի:










