Սահմանադրական բարեփոխումների ֆոնին՝ Օմանում առաջին անգամ թագաժառանգ արքայազն կնշանակվի

10:56 • 12.01.21

Օմանի սուլթանը հայտարարություն է տարածել երկրում սահմանադրական բարեփոխումների մասին, որը ներառում է թագաժառանգի նշանակում և խորհրդարանի աշխատանքի նոր կանոններ: Այս մասին հայտնում է Arab News-ը:

Մասնավորապես, սուլթան Հայթամ բին Թարիք ալ-Սաիդի կողմից հրապարակված նոր Հիմնական օրենքը կարևորում է պետության դերը քաղաքացիների համար ավելի շատ իրավունքների և  ազատությունների ապահովման հարցում:

Հիշեցնենք՝ սուլթան Հայթամը իշխանության է եկել մեկ տարի առաջ իր նախորդի՝ Սուլթան Քաբուսի մահից հետո: Քաբուսը թագաժառանգ չուներ, ինչի համար էլ նա իր հաջորդին նշել էր կնքված ծրարում, որը բացվել է նրա մահվանից հետո:

Հիմնական օրենքով սահմանվում է թագաժառանգ արքայազնի նշանակման մեխանիզմները, ինչպես նաև նրա պարտականությունները: Այնուամենայնիվ, հաղորդագրությունում խոսք չկա, թե ով է դառնալու նոր թագաժառանգը: