Մահացել է Las Vegas Sands ընկերության հիմնադիր, միլիարդատեր Շելդոն Ադելսոնը

21:17 • 12.01.21

Ամերիկացի գործարար, Las Vegas Sands ընկերության հիմնադիր Շելդոն Ադելսոնը մահացել է 87 տարեկան հասակում: Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այս մասին հայտարարություն է հրապարակվել ընկերության կայքում:

Ինչպես նշվում է, մահվան պատճառը լիմֆոմայի բուժման ժամանակ ի հայտ եկած բարդություններն են եղել: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադելսոնը կհուղարկավորվի Իսրայելում՝ իր կնոջ հայրենիքում:

Կինը՝ Միրիամ Ադելսոնը, հաստատել է, որ միլիարդատերը մահացել է «երկարատև հիվանդության բարդացումից»:

Las Vegas Sands ընկերությանն է պատկանում Լաս Վեգասում գտնվող աշխարհի խոշորագույն կազինոն՝ 9.72 մլրդ դոլար կապիտալիզացիայով: Forbes ամսագրի գնահատմամբ՝ Ադելսոնի կարողությունը կազմում է 35 մլրդ դոլար: Գործարարը համարվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության, ինչպես նաև երկրի գործող նախագահ Թրամփի ընտրարշավի հիմնական հովանավորներից մեկը: