Փաշինյանը հայտարարել էր, որ Մոսկվայում գերիների հարցից բացի` կարող են քննարկել նաև ճանապարհների ապաշրջափակման հարց, ինչը եղավ․ նոր հայտարարության մեջ արտացոլված են նաև ՀՀ շահերը․ Լիլիթ Մակունց
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից առաջ արված հայտարարությունը հստակ սահմանել է, որ քննարկումներ կարող են ընթանալ նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե համաձայն Փաշինյանի ու նրա խոսնակի գրառումների՝ Փաշինյանը Մոսկվա էր մեկնում՝ գերիների վերադարձի օրակարգով, սակայն այնտեղ բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեց, և հարցին՝ ինչո՞ւ տապալվեց Փաշինյանի օրակարգը։
«Չորս ժամ տևած բանակցություններից երեք ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին։ Նշվել է արդեն, որ դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցումից գրեթե երկու ամիս անց ստորագրվում է նոր հայտարարություն, որում կրկին գերիների վերադարձի, մարմինների փոխանակման ժամկետներ չկան, և հարցին՝ արդյո՞ք դա հայկական կողմի դիվանագիտական ու բանակցային մոտեցման տապալման մասին է խոսում, իշխանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․
«Հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին։ Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ գերիների վերադարձի ուղղությամբ ջանքերն առավելագույնս գործադրվում են։ Խնդիրների լուծումը մեկը մյուսով չպետք է պայմանավորել։ Վարչապետը նշել է, որ մինչ գերիների հարցը չլուծվի, ապա հայտարարության իրագործման մախանիզմներն առաջացնելու են բազմաթիվ դժվարություններ, ինչը վերահաստատեց նաև Մոսկվայի այցի ժամանակ»,-ասաց նա։
Վերջինս ընդգծեց՝ հայտարարությունը տեքստ է գործողությունների մտադրության մասին, որտեղ արտացոլված են նաև ՀՀ շահերը։
Մակունցին հարց ուղղեցին նաև «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն հայտարարության մասին, թե իշխանական խմբակցության ներսում քննարկվել են այլ թեկնածուների անուններ, սակայն Մակունցն արձագանքեց, որ նպատակահարմար չի գտնում անդրադառնալ խմբակցության ներքին քննարկումներին և չի կարող հերքել կամ հաստատել Հովսեփյանի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանության առաջարկի օրակարգն առկա է։










