Disney-ը և Walmart-ը կդադարեցնեն նվիրատվություններ անել այն օրենսդիրներին, որոնք անցյալ շաբաթ դեմ են քվեարկել Բայդենի հաղթանակը փաստող արդյունքների հաստատմանը
Disney և Walmart ընկերությունները կդադարեցնեն նվիրատվություններ անել այն օրենսդիրներին, որոնք անցյալ շաբաթ դեմ են քվերակել Կոնգրեսում ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմանը, գրում է The Hill-ը։
Disney-ը՝ աշխարհի խոշորագույն ժամանցային ընկերությունը, օրերս հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ 2021 թվականին նվիրատվություն չի անի այն մարդանց, որոնք դեմ են քվեարկել ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմանը, որոնց համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը։
«Մեր երկրի մայրաքաղաքում ապստամբությունն ուղղակի հարձակում էր մեր երկրի ամենապատկառելի սկզբունքներից մեկի՝ իշխանության խաղաղ փոխանցման վրա։ Այդ սարսափելի պաշարումից անմիջապես հետո Կոնգրեսի անդամները միավորվելու հնարավորություն ստացան. հնարավորություն, որը, ցավոք, ոմանք հրաժարվեցին ընդունել։ Այդ իրադարձությունների լույսի ներքո մենք որոշել ենք 2021 թվականին նվիրատվություններ չանել այն օրենսդիրներին, որոնք դեմ են քվեարկել ընտրիչների կոլեգիայի ձայների հաստատմանը», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Երկրի խոշորագույն մանրամեծածախ ընկերությունը՝ Walmart-ը, նույնպես հայտարարել է, որ կվերանայի իր նվիրատվությունները։
«Յուրաքանչյուր ընտրական փուլի վերջում մենք ուսումնասիրում ենք մեր քաղաքական ռազմավարությունը, և այդ վերանայումը կշարունակվի առաջիկա ամիսներին։ Սակայն անցյալ շաբաթ Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Walmart-ի քաղաքական գործունեության կոմիտեն անորոշ ժամանակով դադարեցնում է նվիրատվությունները Կոնգրեսի այն անդամներին, որոնք դեմ են քվեարկել ընտրիչների կոլեգիայի ձայների օրինականացմանը»,- ասված է մանրամեծածախ ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ:










