«Պատժամիջոցները հնարավոր է տարածվեն այլ ոլորտների վրա ևս». Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հիասթափեցրել է թուրքական կողմին. Ahval

12:53 • 13.01.21

«Թուրքիա-ԱՄՆ բիզնես խորհրդի» անդամները, որոնք մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Մ. Սաթերֆիլդի հետ հանդիպմանը, հիասթափված են CAATSA ( Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակահարված տալ) պատժամիջոցների վերաբերյալ Միացյալ Նահանգների դեսպանի կոշտ դիրքորոշումից, հայտնում է ahvalnews.com լրատվականը:

Հանդիպումը կայացել է հունվարի 8-ին: Դրա հիմնական նպատակը եղել է տեսակապի միջոցով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին փոխանցել Թուրքիայի գործարար աշխարհի պահանջները:

Համաձայն լրատվականի, «Թուրքիա-ԱՄՆ բիզնես խորհուրդը» հույս ունի, որ անկախ քաղաքական իրավիճակից, տնտեսական հարաբերությունները չեն տուժի  CAATSA պատժամիջոցների հետևանքով:

Սակայն թուրք գործարարները ցնցվել են պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանի կոշտ դիրքորոշումից, նշում է լրատվականը:

Ամփոփելով հանդիպման արդյունքերը` թերթը գրում է.

·         Պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան արդարացնում է ռուսական C-400 համակարգերի գնումը

·         Պատժամիջոցներն այլևս չեն կարող չեղարկվել, քանի որ հաստատվել են Կոնգրեսում և այժմ համարվում են օրենք, որ պիտի կիրառվի սահմանումից երեք շաբաթ անց

·         Պատժամիջոցների ենթակա ոլորտներում դադարեցվել է առևտուրը, ինչպես օրինակ պաշտպանական արդյունաբերության ոլորտն է

·         Հավանականություն կա, որ  պատժամիջոցները կտարածվեն ամենաշատը դրանց ազդեցություն կրող էներգիայի, գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներից բացի այլ ոլորտներում նույնպես:

Թերթը գրում է, որ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է, և պարզ չէ թե Անկարան որքանով է պատրաստ Բայդենի վարչակազմի գալուն:

Համաձայն թերթի, Թուրքիային սպասվում են հետաքրքիր շաբաթներ և ամիսներ: Բայդենը կստանձնի նախագահությունը հունվարի 20-ին, փետրվարի 17-ին կկայանա ՆԱՏՕ-ի հանդիպում, իսկ մարտի 25-ին` ԵՄ առաջնորդների գագաթնաժողով: Թուրքական գործարար աշխարհն այժմ պետք է հասկանա, որ փոփոխությունն ավելի արագ ընթացք է ստացել Covid-19 համաճարակի պատճառով, և որ ոչինչ նախկինի պես չէ: