Իրանն այլևս միջուկային գործարքի կարիքը չունի. ԻՀՊԿ հրամանատար
Իրանական միջուկային հարցով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն այլևս անհրաժեշտ չէ՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՄՆ հաջորդ վարչակազմը կվերադառնա միջուկային գործարքին, թե ոչ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:
Ելույթ ունենալով չորեքշաբթի՝ ԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ Իրանի թշնամիներն այնքան շատ խնդիրների են բախվել, որ անգամ ամերիկացի վերլուծաբաններն ընդունում են, որ ԱՄՆ քանդվում է ներսից:
«Իրավիճակն այնպիսին է, որ Իրանն այլևս միջուկային գործարքի կարիքը չունի՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ն կվերադառնա, թե ոչ»,- շեշտել է իրանցի հրամանատարը:
Ընդգծելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի՝ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը՝ գեներալը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին նկարագրել է որպես «ընկճված և հյուծված մարդ», որի հեռանալուն սպասում են բոլորը:










