Եթե իշխանությունը ճնշումներ գործադրեր, դատական համակարգը հլու-հնազանդ կծառայեր. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն` իրավաբան գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցության կողմից առաջադրվելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` անդրադառնալով «Իմ քայլի» -ի կողմից ԲԴԽ անդամ առաջադրվելուն:
«Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն ևս առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնվեմ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր 65 տարին լրացած լինելուն և օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներին, նա կոչ արեց բացել օրենսգրքի 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարեցման հիմքերին և նշեց, որ դրանով տեսնել, որ դատավորների համար տարիքային սահմանափակումներ նախատեսվում են, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ:
«Ինձ առաջարկել է խմբակցությունը, ոչ թե վարչապետը, իսկ մնացած հարցերում դուք գիտեք, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր դատախազ եղած տարիների ժամանակ տարբեր գնահատականներին, Գագիկ Ջհանգիրյանը հարց բարձրացրեց, թե որ հանցագործությունն է կոծկվել իր դատախազ եղած ժամանակ: «Մատաղիսի գործով, երբ դատապարտյալները ազատվել են կալանքից և բաց են թողնվել, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը»,-ասաց նա և նշեց, որ Գևորգ Կոստանյանի ժամանակ գործն ավարտին է հասցվել:
Մովսես Հակոբյանի հայտարարության վերաբերյալ նա նախ նշեց, որ քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում, սակայն ավելացրեց, որ նախկին բարձրաստիճան զինվորականը երբեք իրեն այդպիսի հայտարարություններ անելու իրավունք չպետք է վերապահի: Հարցին, թե ճնշումներ տեսնում է դատական համակարգի վերաբերյալ, նա ասաց, որ եթե իշխանությունը ճնշումներ գործադրեր, դատական համակարգը հլու-հնազանդ կծառայեր:










