Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ Մալդիվյան կղզիներում շատացել են COVID-19-ի դեպքերը

14:37 • 13.01.21

Մալդիվյան կղզիներում աճել է COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը: Այս մասին հայտնում է Tour Prom-ը:

Նշվում է՝ առողջարաններում կորոնավիրուսով դեպքերի հայտնաբերման աճը սկսվել է դեկտեմբերի վերջին, երբ զբոսաշրջային շրջանը հասել է ծանրաբեռնվածության գագաթնակետին: Պատճառը բարձր ռիսկային երկրներից հյուրերի ժամանումն է:

Հրատարակության խոսքով՝ եթե անդրադառնանք բացարձակ թվերին, ապա դրանք աննշան են: Մասնավորապես, «Սինխուա» լրատվական գործակալության տվյալների համաձայն, երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 108 դեպք՝ 2020 թվականի հուլիսի 15-ից ժամանած զբոսաշրջիկների շրջանում:

Միևնույն ժամանակ, կղզու զբոսաշրջության նախարարությունը շարունակում է արձանագրել հանգստանալու նպատակով այցելուների աճ: Միայն 2021 թվականի առաջին շաբաթվա ընթացքում երկիր է ժամանել է 20 612 մարդ, որոնց մեծ մասը ճանապարհորդներ են Ռուսաստանից (5331 մարդ), որը կազմում է օտարերկրացիների ընդհանուր թվի 25,9 տոկոսը:

Ինչ վերաբերում է Մալդիվյան կղզիներում օտարերկրյա զբոսաշրջիկներից հրաժարվելու գաղափարին, ապա երկիրը չի ծրագրում նման որոշում կայացնել:

Զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Մաուսումը այս դժվարին ժամանակահատվածում զբոսաշրջիկների հոսքի աճը նկարագրում է որպես «հաջողակ նվաճում, որն ապահովել է երկրի արդյունաբերության գոյատևումը»: