Մնացեք Ձեր չափի մեջ և ավելորդ ոչինչ մի հնչեցրեք. Միքայել Մելքումյանը բորբոքված դուրս եկավ նիստերի դահլիճից (տեսանյութ)

16:23 • 13.01.21

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, քննարկվող՝ միկրոձեռնարկատիրության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ասաց, որ  դրական կարծիք չունի և, դիմելով պատգամավորին, ասաց, որ երբ խոսում են մաքրության ծառայություն մատուցող անձանց կամ դայակների մասին, ապա պարզ է, որ անհատները գրանցված աշխատողներ չեն:

«Այս նախագիծը, իմ կարծիքով, չի բերելու նրան, որ այս մարդիկ գնան գրանցվեն: Այն կազմակերպությունները, որոնք ունեն 30 և ավելի աշխատակիցներ ու ևս մատուցում են այստեսակ ծառայություններ, իրենց աշխատողներին սարքելու են հատիկավոր աշխատողներ, որպես միկրոձեռնարկատեր և խուսափեն հարկերից: Ուզում եմ հասկանալ, այս քայլով մենք ի՞նչ ենք անելու»,- նկատեց Ծովինար Վարդանյանը:

Ի պատասխան, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ մարդիկ մաքրող ծառայություններին կամ դայակի ծառայություններին դիմում են անհատապես, այսինքն՝ ամեն մեկին չի, որ երեխա կվստահես կամ կթողնեն, որ գա տուն մաքրի:
«Խոշոր կազմակերպություններում անընդհատ կադրերի հոսունություն է լինում, որի ժամանակ միշտ նույն անձը չի սպասարկում քեզ: Բացի այդ, խոշոր կազմակերպություններին դիմելն ավելի թանկ է: Կյանքն էնպես է, որ երեխային կամ մեծահասակին պետք է վստահելի մեկի մոտ թողնես: Սա է պատասխանը»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Իմքայլական պատգամավորն ասաց, որ իր հարցի պատասխանը չստացավ, իսկ Միքայել Մելքումյանն ասաց, որ ինքն էլ հարցի իմաստը չհասկացավ: «Եթե Ձեզ համար հարցս անհասկանալի էր նորից կտամ»,- ասաց Ծովինար Վարդանյանը, սրան ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մի տվեք, չեմ ուզում»:

Իմքայլական պատգամավորներից Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ ինքն իսկզբանե դեմ է եղել օրենքի այս նախագծին:

«Ռիսկերը, որոնք տեսել եմ այն ժամանակ, հիմա լրիվ արդարացված են, ակնկալում էինք մոտ 22 հազար միկրոձեռնարկություն, բայց եթե չեմ սխալվում, հիմա 36 հազար հատ է: Այս տարի էլ, երևի, կդառնա 50 հազար: Երբ մենք այդ օրենքն ընդունեցինք, փաստորեն մեխանիզմ դրեցինք, որ մարդիկ մասնատեն ու փոքրացնեն իրենց բիզնեսը, խուսափեն հարկերից: Այսինքն՝ սա հակատնտեսական մեխանիզմ էր: Ինձ հետաքրքիր է, երբ ասում էիք, որ նախատեսում էիք 22 հազար միկրոձեռնարկություն, եթե հիմա հաշվարկած լինեինք և լիներ 18 հազար, այդ դեպքում պարոն Մելքումյանի առաջարկությունները կընդունեի՞ք, ես կարծում եմ, որ, երևի, կընդունեիք»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ ավելացնելով, որ Կառավարությունը պետք է անդրադառնա այս հարցին։
Ծովինար Վարդանյանն էլ նկատեց, որ եթե Միքայել Մելքումյանն իր հարցին ունենար տրամաբանական պատասխան, ապա, անպայման, կհնչեցներ: «Հարցից խուսանավելը, բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա, հետևաբար՝ ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա դեմ եմ նախագծին»,- ասաց Ծովինար Վարդանյանը:

Միքայել Մելքումյանն էլ, պատասխանելով Ծովինար Վարդանյանին, ասաց, որ իր կարծիքով՝ պատգամավորի հարցերը հազար տոկոսով անտրամաբանական հարցադրումներ են: «Դուք մնացեք Ձեր չափի մեջ և ավելորդ ոչինչ մի հնչեցրեք, եղավ»,- ասաց Մելքումյանը և հեռացավ դահլիճից։