Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը․ Արամ Սարգսյանը՝ Մոսկվայում եռակողմ հանդիպման մասին

14:27 • 14.01.21

Նիկոլ Փաշինյանի հրավերով Կառավարություն այցելած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկել են տնտեսական, ինչպես նաև գերիների հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր։

«Ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ եմ ունեցել և փորձել եմ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատել Արտակ Զեյնալյանի հետ։ Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, այս իրավիճակում տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, նաև՝ ճանապարհների, երկաթգծի վերաբերյալ»,-ներկայացրեց Սարգսյանը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Արամ Սարգսյանն ասաց՝ աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել։

«Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է։ Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բարդություններ ունի, որոնք պետք է նայել։ Սովետական միության տարիներին ապաշրջափակում էր, բայց Բաքու-Երևան գնացքը որ անցնում էր, «Գևորգ Մարզպետունի» կարդալուց հետո քարկոծում էինք։ Եղբայրս՝ Վազգենն էլ էր քարկոծում։ Խնդիր կա հոգեբանական, ազգային, բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն այդ տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես էլ չէ, որ սա բազմաբնակարան շենք է, մենք 3-րդ հարկում ենք, 4-րդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, տունը վաճառնեք, ուրիշ տեղ ապրենք»,-ասաց նա՝ ընդգծելով, թե պետք է փորձել իրավիճակները հարթել, ճիշտ լուծումներ տալ։

«Իսկ այդտեղ մեզ համար շահեկան կլինի, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն, տնտեսություն ունենալ, կարողանալ ժամանակին հարիր զինել մեր բանակը։ Բնականաբար, Ադրբեջանը կյանքում մեզ չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ։ Հետևաբար, մենք էլ պետք է այդ հնարավորություններից օգտվենք։ Կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը»,-ասաց նա։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մոսկովյան այցից հետո հրաժարական ներկայացներ, քանի որ մինչև Մոսկվա մեկնելը նշում էր, որ մինչև գերիների ու պահվող անձանց հարցը չլուծվի, չի կարող խոսք լինել ճանապարհների մասին, սակայն նրա օրակարգը տապալվեց, Սարգսյանն արձագանքեց․

«Ես տեսա, որ Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, որն ասում էր, թե Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է, և հղում էր անում ՌԴ նախագահին։ Երկրորդ՝ հանդիպումը եռակողմ էր, և դրան չէր մասնակցում Թուրքիան։ Դա վերջինիս համար լուրջ հարված էր։ Եթե մենք խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո ավելի շատ զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ «տաք է»,  չի զգում, ինքը ոչ միայն Ռուսաստանին է զիջել, այլև Թուրքիային»,-ասաց Արամ Սարգսյանը։